«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան խոստովանել է, որ իրեն մինչև հիմա անհանգստացնում են իր պատանեկության մասին հիվանդագին հիշողությունները, երբ առաջին անգամ ռասիստական արտահայտությունների զոհ է դարձել: Այս մասին գրում է «The Sun»-ը:
Անցած հանգստյան օրերի ընթացքում «կարմիր սատանաների» պաշտպանը կրկնակի կոնֆլիկտ ունեցավ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Պատճառը կրկին ռասիզմն էր ու դրա հետ կապված անհարկի արտահայտությունները: Նմանատիպ իրավիճակներն առաջին անգամ չեն Պատրիսի կյանքում: 17 տարեկան հասակում է նա առաջին անգամ բախվել այդօրինակ խնդրի հետ, երբ խաղում էր Իտալիայի «C» դիվիզիոնում հանդես եկող «Մարսալի» կազմում: «Բավական վաղ հասակում ինձ տղամարդ զգացի, որովհետև հարվածներ էի ստանում ոչ միայն խաղադաշտում, այլև նրա սահմաններից դուրս: Ես հասկացա, որ ֆուտբոլը շնաձկների աշխարհ է: Իտալիայում մարդիկ ինձ լուսանկաում էին ոչ թե այն պատճառով, որ ես Պատրիս Էվրան եմ, այլ որ սևամորթ եմ:
Ես սովորել եմ ինձ զսպել: Կային ժամանակներ, երբ ուզում էի պարզապես լաց լինել, սակայն դա ինձ սովորեցրել է լինել ուժեղ և դառնալ իսկական տղամարդ:
Երբ 17 տարեկան էի, սիցիլիական թիմի կազմում միակ սևամորթ ֆուտբոլիստն էի: Լինում էին պահեր, երբ ուղղակի ափերից դուրս էի գալիս և ցանկություն էի ունենում ինձ վիրավորողների հետ հաշվեհարդար տեսնել բռունցքների միջոցով: Հիշում եմ` մի անգամ, երբ խաղում էինք Պալերմոյում, ամեն անգամ, երբ դիպչում էի գնդակին, 20 երկրպագուներ միաժամանակ կապիկի ձայներ էին արձակում: Ես ինձ այնպես միայնակ էի զգում: Դա ահավոր է, քանի որ վիրավորում են քո ինքնասիրությունը»,-ասել է Էվրան:
|