«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դիմիտար Բերբատովը խոստովանել է, որ կիրակի կեսօրին իրեն զանգահարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Չցանկանալով խոսել մանրամասների մասին` ֆուտբոլիստը նշել է, որ պորտուգալացի մասնագետը պարզապես ցանկացել է տեղեկանալ, թե ինչպես են ընթանում իր գործերը: Սա ամենևին չի նշանակում, որ բուլղարացին կարող է տեղափոխվել «Ռեալ», քանզի իսպանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ամռանը Մոուրինյոն է լքելու «Սանտյագո Բեռնաբեուն»:
Ավելացնենք, որ անգլիական ԶԼՄ-ներում այսօր տեղեկատվություն է հայտնվել, ըստ որի` Բերբատովը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» գործարքի մի մասնիկը: Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է թիմի կազմում տեսնել Լուկ Մոդրիչին, սակայն «Տոտենհեմն» այդ ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն ֆունտ ստեռլինգ: Իր հերթին` Բերբատովի տրանսֆերային արժեքը կազմում է 6-8 մլն ֆունտ: Ավելի մանրամասն տեղեկատվություն այս մասին սպասվում է 48 ժամվա ընթացքում: