Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում խոսել է «Անժիի» հետ այսօր կայացած ստուգողական հանդիպման մասին: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն այս խաղում բացեց հանդիպման հաշիվը:
- Հենրիխ, կիսո՞ւմ ես այն տեսակետը, որ սա թիմի լավագույն խաղն էր այս հավաքի ընթացքում:
- Արդյունքի առումով հաստատ լավագույնն էր: Մենք լավ խաղացինք: Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին. որոշակի հոգնածություն էր զգացվում: Բայց սա հավաքի վերջն է, և դա նորմալ է: Մենք ձգտեցինք, բնավորություն դրսևորեցինք և կարողացանք հաղթել:
- Այս հավաքը, ըստ քեզ, ինչո՞վ էր տարբերվում նախորդ հավաքներից:
- Կարևորն այն է, որ Միստերն արդեն մեզ հետ է: Նա կարող է կոնկրետ մատնացույց անել մեր սխալները, գովել լավ խաղի համար: Նրա ներկայությունը, իհարկե, դրականորեն անդրադարձավ թիմի վրա:
- Այս խաղից հետո «Շախտյորն» արդեն կկենտրոնանա «Դնե՞պրի» հետ հանդիպման վրա:
- Այո: Հնարավոր է` մինչ այդ ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնենք: Իսկ հետո արդեն կմտածենք «Դնեպրի» հետ խաղի մասին:
- Դու այսօր շատ գեղեցիկ գոլ խփեցիր, բայց ևս մի քանի լավ հնարավորություններ չօգտագործեցիր:
- Պակասում էր ճշգրտությունը: Ամենակարևորն այն է, որ խփեցի, քանի որ արդեն մի քանի խաղ է` չեմ կարողանում աչքի ընկնել: Հույս ունեմ, որ սև շրջանն արդեն հետևում է մնացել: