«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը դժգոհել է, որ չնայած հիանալի մարզավիճակում է, ոչ մի կերպ չի կարողանում գոլեր խփել: Իսպանացին ցանկանում է կատարելագործել իր խաղը և ամենևին էլ մտադրված չէ փոխել ակումբային գրանցումը: Մի տարի առաջ «արիստոկրատները» 50 մլն ֆունտ ստեռլինգ տրամադրեցին` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Այդ ժամանակահատվածից սկսած` Ֆեռնանդոն խփել է ընդամենը 5 գոլ, որից վերջինը` 5 ամիս առաջ: Տորրեսը չի կարողանում հասկանալ, թե գոլային երաշտն ինչի հետ է կապված:
«Ինձ թվում էր, որ առաջին տարվանից հետո ամեն ինչ լավ կլինի: Իրավիճակը նախանձելի չես կարող համարել: Իմ անձնական կյանքում ամեն ինչ հիասքանչ է, ինձ դուր է գալիս ակումբն ու աշխատանքը թե թիմի անձնակազմի, թե ֆուտբոլիստների հետ: Հիմա «Չելսին» այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում, քանզի մենք չենք կարողանում լավ արդյունքների հասնել: Սակայն փոխել ենք խաղի ոճը ու երիտասարդ թիմ ենք:
Ես պետք է լավացնեմ իմ անհատական խաղի որակը: Երբ հանդես էի գալիս «Լիվերպուլում», լինում էին հանդիպումներ, երբ այնքան էլ լավ չէի խաղում կամ էլ ընդհանրապես ոչինչ չէի կարողանում անել, բայց… գոլ էի խփում: Զարմանալի է, բայց այդպես էր: Վատ էի խաղում, բայց ամեն անգամ, երբ գնդակին էի դիպչում, դառնում էի գոլի հեղինակ: Շատ տարօրինակ զգացողություն է. չէ՞ որ ես հիմա շատ ավելի լավ մարզավիճակում եմ և ավելի ուժեղ եմ, քան երբևէ: Ես չեմ ունենում գոլ խփելու հնարավորություններ, իսկ երբ ունենում եմ, չեմ կարողանում իրացնել: Իմ ներկան և ապագան կապված է «Չելսիի» հետ: Ես դեռ շատ բան ունեմ անելու և կանեմ, քանի որ իմ բոլոր մյուս ակումբներում հասել եմ իմ ուզածին: Ուրիշ ոչինչ ես ինքս ինձանից չեմ սպասում»,- ասել է Տորրեսը:
|