«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է այն կարծիքը, ըստ որի` մրցավարներն «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում իր թիմի օգտին սխալ որոշումներ են կայացնում: Այս քայլով մարզիչը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրային, ով կարծիք էր հայտնել, թե մրցավարները մանկունիանցիների տնային խաղերում վախենում են այդ թիմի դեմ որոշումներ կայացնել: Վիեյրան նաև նշել էր, որ այդպիսին է մրցավարների մոտեցումը բոլոր գրանդ ակումբների նկատմամբ: Իսկ ահա Ֆերգյուսոնը վստահ է, որ նման բան չկա, և որ մրցավարներն առավելություն չեն տալիս իր թիմին: Եթե նրանք սխալվում են, ապա սխալվում են բոլոր թիմերի օգտին: Այդպես եղավ նաև երկուշաբթի օրը «Ֆուլհեմի» հետ կայացած խաղի ժամանակ, երբ մրցավար Մայքլ Օլիվերը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին չնշանակեց 11 մետրանոց հարված: «Երկուշաբթի օրը շատ հետաքրքիր խաղ տեղի ունեցավ: Այն ցույց տվեց, որ թիմերը կենտրոնացած են իրենց առաջ դրված խնդրի լուծման վրա և կարողանում են լավ գործել պաշտպանությունում: Մրցավարի տեսանկյունից կարելի է հասկանալ, թե նա ինչու չնշանակեց 11 մետրանոց հարված, երբ Մերֆիին վայր գցեցին: Նման դրվագներ շատ են լինում ֆուտբոլում, և նրանք համարժեք են մեկը մյուսին: Նույն «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում շատ դեպքեր են եղել, երբ մրցավարները որոշումներ են կայացրել ոչ մեր օգտին»,- ասել է Ֆերգյուսոնը:
|